9 հոկտեմբերի 2009 - 20:59 AMT
ՀՅԴ մտադիր է խնդիրների լուծմանը հասնել ազգային միասնության ճանապարհով
«Հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների հասարակական քննարկումների մեկնարկից անմիջապես հետո մենք առաջարկեցինք կառուցողական քննարկումներ անցկացնել, բայց ի պատասխան իշխանությունների կողմից նախատինք լսեցինք, ինչը վկայում է ստույգ փաստերի բացակայության եւ քաղաքական մշակույթի ցածր մակարդակի մասին»,- հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, իրադրությունը շտկելու համար ՀՅԴ ի սկզբանե հայտարարեց կառուցողական ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության եւ ներքին քաղաքական դաշտում բաժանարար գծերի վերացման մասին: «Մեր հասարակությանը մինչ օրս օտար է կառուցողական եւ քաղաքակիրթ ընդդիմության գաղափարը, ինչը քաղաքական դաշտի բեւեռացման եւ միմյանց հասցեին ոչ կորեկտ հայտարարությունների պատճառ է հանդիսանում»,- նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Նա նաեւ նշել է, որ ՀՅԴ մտադիր է խնդիրների լուծմանը հասնել ազգային միասնության ճանապարհով: