10 հոկտեմբերի 2009 - 18:31 AMT
Հայաստանը նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը
Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Թարգմանչաց տոնը: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ նշվում է թարգմանիչների օրը, որը սահմանվել է ի պատիվ Աստվածաշունչը թարգմանած Սբ. Մեսրոպ Մաշտոց եւ Սբ. Սահակ Պարթեւ վարդապետների, ինչպես նաեւ Եղիշեի, Մովսես Քերթողի, փիլիսոփա Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Կլայեցու:

Հայ Առաքելական Եկեղեցին Աստվածաշնչի թարգմանիչներին դասել է սրբերի շարքը, քանի որ հայ ժողովուրդն այդ մարդկանց ջանքերի եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է ժառանգություն ստանալ հայալեզու Աստվածաշունչը: Հասկանալով ժամանակի պահանջները` նրանք ձեռնամուխ եղան սուրբ գործին` հայ գրի եւ գրականության ստեղծմանը: Սբ. Թարգմանիչները նպաստում էին Հայաստանի եւ հայ ժողովրդի հոգեւոր ու մշակութային զարթոնքին:

Տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը: