Լիբանանի հայերը հուսով էին, որ Հայաստանը չի ստորագրի Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Լիբանանի հայերը մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրության պահը հուսով էին, որ հայկական կողմը չի ստորագրի Արձանագրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Բեյրութի հայկական համայնքի ներկայացուցիչ Սեպուհ Կալպակյանը: «Ցավոք, Արձանագրությունները ստորագրված են, եւ այժմ հայ ժողովրդի համար ճակատագրական պահ է վրա հասել: Մեր ապագան աղոտ է, մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում»,- ընդգծել է համայնքի ներկայացուցիչը:



Նա ավելացրել է, որ Լիբանանի հայերը չեն հավատում Հայաստանի ղեկավարության պնդումներին, թե Արձանագրություններում նախապայմաններ չկան: «Մենք աղոթում ենք, որպեսզի մեր մտավախություններն անհիմն լինեն, եւ որպեսզի Հայաստանը ստիպված չլինի մեծ գին վճարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Մենք աղոթում ենք, որպեսզի հայության շրջանում պառակտում չառաջանա»,- հայտնել է պատգամավորը: Նրա խոսքով, Արձանագրությունների ստորագրումը ձգձվեց, քանի որ վերջին պահին հայկական կողմի մոտ կասկածներ առաջացան, սակայն վերջին պահին ուժեր գտնվեցին, որոնք փաստաթղթերի ստորագրման համար երաշխավոր հանդես եկան:



«Միեւնույն է, մենք կշարունակենք մեր պայքարը: Արձանագրությունների ստորագրումը դեռեւս վերջը չէ: Նախքան վավերացումը դեռեւս ժամանակ կա, եւ մենք ամեն կերպ օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք Արձանագրությունների վավերացումը»,- հայտնել է Սեպուհ Կալպակյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---