12 հոկտեմբերի 2009 - 18:06 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է Բարակ Օբամային Նոբելյան մրցանակի արժանանալու առիթով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային 2009թ. Խաղաղության Նոբելյան Մրցանակ ստանալու կապակցությամբ:

Իր ուղերձում ՀՀ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը` ուղղված աշխարհում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանը: «Դուք հանձն եք առել մի շարք կարեւոր ու համարձակ նախաձեռնությունների իրականացումը, մասնավորապես մի շարք երկարատեւ հակամարտությունների լուծման եւ զանազան ուժերի հետ երկխոսության կարգավորման ուղղությամբ:

«Մենք նաեւ գնահատում ենք ԱՄՆ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- ընդգծել է Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով ԱՄՆ վարչակազմին, մասնավորապես Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար:

«Ես վստահ եմ, որ առանց ԱՄՆ վճռական օժանդակության անհնար կլիներ արդյունավետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ընդգծել է ՀՀ նախագահը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: