Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար

PanARMENIAN.Net - Առեւտրատնտեսական փոխգործակցության ձեռք բերած տեմպերի պահպանումը կարեւոր է ե'ւ Հայաստանի ե'ւ Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: «Ցավոք սրտի, ճգնաժամը ոչ ոքիչի խնայում եւ մեր ապրանքաշրջանառությունը եւս վերջին ժամանակներս նվազել է, ինչն, իհարկե հաճելի չէ: Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը, այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայցեւայնպես նշանակալի անկում է` գրեթե 20 %: Այն, իհարկե, տհաճ է եւ պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական փոխգործակցության ձեռք բերած տեմպերի պահպանումը կարեւոր է ե'ւ Հայաստանի ե'ւ Ռուսաստանի համար»,-ասել է Մեդվեդեւը:



«Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե խոսենք հումանիտար կապերի մասին, ապա Դուք ինքներդ մեծ ներդրում ունեք այդ կապերի զարգացման հարցում: Դուք եղել եք Օրենբուրգում, այցելել եք Դոնի Ռոստով, որքանով տեղյակ եմ պատրաստվում եք այցելել Կալինինգրադ: Մեզ համար շատ հաճելի է, որ Դուք հանդիպումներ եք ունենում մարզերում, շփվում եք Սփյուռքի հետ: Ինձ թվում է, որ այս ամենն օգտակար է մեր հարաբերությունների համար, եւ նմանատիպ կապերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային բնույթ, ամբողջության մեջ էապես ամրապնդում են նաեւ ռուս-հայկական երկխոսությունը»,-ասել է ՌԴ նախագահը:



ՆախագահՍերժՍարգսյաննիր հերթին նշել է. «Վստահարժան քաղաքական երկխոսությունը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է: Նման` ոչ ֆորմալ երկկողմ հանդիպումը շատ լավ ձեւաչափ է` քննարկելու մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքն իմ կարծիքով մեզ թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի: Այդ առնչությամբ, կարծում եմ, որ այսօր մեծ եւ հարուստ օրակարգ ունենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում Ձեր անձնական մասնակցության համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերություների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ ամուր անվտանգության: Ես ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունը մեծ ներդրում կունենա մեր հարաբերությունների զարգացման գործում»,-ասել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---