13 հոկտեմբերի 2009 - 14:33 AMT
Թուրքական կողմի խորամանկ քայլը Ցյուրիխում ձախողվեց
«Համադրելով տարբեր աղբյուրների տեղեկատվությունը, կարող եմ նշել, որ Ցյուրիխում Հայ-թուրքական արձանգրությունների ստորագրման ձգձգման պատճառն այն էր, որ թուրքական պատվիրակությունը ցանկանում էր հայտարարության մեջ Ղարաբաղի խնդրին վերաբերող որոշակի տարրեր մտցնել»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ ուղղակիորեն չէր հիշատակվում Ղարաբաղը, սակայն դա եւս անընդունելի էր հայկական կողմի համար: Ռուբեն Մելքոնյանը հավելել է նաեւ, որ թուրքական կողմից դա մի խորամանկ քայլ էր, որը ձախողվեց:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրեցին օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Արձանագրությունների արարողությունը սկսվեց նախատեսվածից երեք ժամ ուշ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկությունների, թուրքական կողմը փորձել էր ստորագրմանը հաջորդող բանավոր հայտարարության մեջ որոշ պատմական բնույթի խմբագրումներ կատարել, որոնց Հայաստանը համաձայն չէր: