13 հոկտեմբերի 2009 - 16:53 AMT
Թուրք փորձագետները մեկնաբանում են Թուրքիայի խորհրդարանում Արձանագրությունների վավերացման հնարավորությունը
Թուրքական խորհրդարանում պատգամավորների մեծամասնությունը աջակցում են Թուրքիայի վարչապետի հայտարարություններին այն մասին, որ երկրի խորհրդարանը չիվավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները, մինչեւ որ ղարաբաղյան կարգավորման մեջ առաջընթաց արձանագրվի: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օգանը: «Ես վերջին ժամանակներս զրուցել եմ պատգամավորների հետ, եւ նրանք ասել են, որ ամբողջությամբ օժանդակում են վարչապետի տեսակետը: Թուրքական խորհրդարանը սպասելու է, մինչեւ որ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց լինի»,- ընդգծել է թուրք փորձագետը:

Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջինարեւելյան տեխնիկական համալսարանի գիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին ընդգծել է, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները, քանի որ ժամանակի ոգին է պահանջում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: «Այսօր գերտերությունները ճնշում են Հայաստանին ու Թուրքիային, որպեսզի նրանք կարգավորեն հարաբերությունները, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված է ապահովել Արձանագրությունների վավերացումը»,- հայտնել է պրոֆեսորը: