14 հոկտեմբերի 2009 - 15:43 AMT
Ավելի քան 30 ամերիկյան վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն Երեւանում հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 29-ը
Հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 29-ը Երեւանում կցուցադրվեն ավելի քան 30 ամերիկյան վավերագրական ֆիլմեր, որոնք նկարահանված են 2004-2008թթ.: «Այդ ցուցադրությունը` լավ հնարավորություն է ներկայացնել ամերիկյան մշակույթը հայ հանդիսատեսին, ցույց տալ ամերիկացուն` նրա մտածելակերպը եւ զգացմունքները», - ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ամերիկյան վավերագրական կինոյի վետերան Դեյվիդ Հոֆմանը:

Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցադրումը կսկսվի Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկոմանիա» ֆիլմով:

Ֆիլմը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 50 տարի առաջ` Սառը պատերազմի ժամանակ, երբ Խորհրդային Միությունը արձակեց առաջին արբանյակը: Ֆիլմը պատմում է նաեւ երկու գեներալների մասին, որոնց դիվանագիտական աշխատանքը կանխեց Երրորդ համաշխարհային պատերազմը:

Երեւանում հոկտեմբերի 14-20-ը Դեյվիդ Հոֆմանը եւ Սանդրա Ռուչը (Elixir խորհրդատվական ընկերության նախագահ) կանցկացնեն սեմինարներ եւ վարպետության դասընթացներ թատերական ուսումնարանի ուսանողների համար եւ կհանդիպեն հայ ռեժիսորների հետ:

Դէյվիդ Հոֆմանը` ամերիկյան վավերագրական կինոյի վետերաններից մեկն է: Իր 40-ամյա ստեղծագործաքկան գործունեության ընթացքում նա նկարահանել է 4 լիամետրաժ ֆիլմ` «Մուրեյ թագավորը», «Ամեն ինչ լավ է», Բի-Բի Քինգի մասնակցությամբ «Երգիր գովաբանական մաղթանքը» եւ «Էրլ Սքրագսը»:

Ամերիկյան վավերագրական ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Մոսկվա կինոթատրոնում: