15 հոկտեմբերի 2009 - 17:09 AMT
Դավիթ Հակոբյան. Հայաստանին նոր առաջնորդ է պետք
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը կորցրեց իր գլխավոր խաղաքարտը` Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքերով, գլխավոր մտահոգությունն այն է, որ Արձանագրությունների ստորագրումից հետո Սփյուռքը կորոշի ինքնուրույն պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, առանց Հայաստանի մասնակցության:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության հարցում անհնար է երկար պահպանել ստատուս-կվոն եւ շուտով պետք է լուծվի 5 շրջանները վերադարձնելու հարցը, Հակոբյանը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն արդեն իսկ արձագանքել է Ադրբեջանը` հայտարարելով, որ 5 շրջանների հարցն արդեն լուծված է: «Չի կարող չմտահոգել նաեւ այն, որ Ղարաբաղը կարող է հետեւել Սփյուռքին եւ հայտարարել, որ ցանկանում է հակամարտությունը լուծել առանց Հայաստանի»,-ասել է Հակոբյանը:

Մարքսիստական կուսակցության առաջնորդը մեկնաբանել է նաեւ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ կայացած ֆուտբոլային խաղն` ասելով, որ ֆուբոլի թիմից բացի, այդ օրը պարտվեց նաեւ ազգային դոկտրինը: «Հայոց համազգային շարժման ժամանակներն անցել են, երկրին նոր առաջնորդ է պետք, նոր «ճարտարապետ», որը կստեղծի նոր քաղաքական ու տնտեսական հայեցակարգ»,-գտնում է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդը` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունը ՀՀՇ-ի հետնորդն է: