ՌՀՄ. Դեռ ժամանակ կա շտկելու համար Հայ-թուրքական արձանագրություններում առկա երկիմաստությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկել, որպեսզի Հայաստանը վստահի իրեն: Չնայած դրան, Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) գտնում է, որ երկխոսության հաստատումը Երեւանի ու Անկարայի միջեւ անհրաժեշտ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն համազգային հարց է: Մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումը, ինչը թույլ կտա զարգացնել հայկական բիզնեսը: Հայաստանը ապացուցեց աշխարհին, որ պատրաստ է երկխոսության գնալ Թուրքիայի հետ»,-ասել է Արա Աբրահամյանը:



Միեւնույն ժամանակ ՌՀՄ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը գործ ունի մի երկրի հետ, որի դիվանագիտությունը վերջին 100 տարում պարտություն չի կրել: «Մենք գտնում ենք, որ ստորագրված Արձանագրությունները երկիմաստություններ են պարունակում, սակայն դեռեւս ժամանակ կա դրանք շտկելու համար: ՌՀՄ-ն ցանկանում է միայն, որ Հայաստանը չսխալվի այս գործընթացում եւ առավելագույն զգոնություն ցուցաբերի»,-ասել է Արա Աբրահամյանը` հավելելով, որ եթե ՌՀՄ-ն դեմ է Արձանագրությունների ստորագրմանը, դա չի նշանակում, թե կազմակերպությունը դեմ է Հայաստանի նախագահին:



Ըստ ՌՀՄ ղեկավարի, ՀՀ կառավարությունը պետք է պատրաստ լինի սահմանի բացմանը եւ համապատասխան ծրագիր ունենա: Ա.Աբրահամյանն ընդգծել է նաեւ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի ազգային խնդիրների շուրջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---