23 մարտի 2002 - 18:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԽՈՍԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մենք հրավիրում ենք Թուրքիային հաղթահարել մեր անցյալն այն նպատակով, որպեսզի տարածաշրջանը դառնա իրականում այնպիսին, ինչպես եղել է դարերի ընթացքում` խաչմերուկ, դարպասներ եւ Եդեմի այգի: Պատմությունը եւ աշխարհագրությունը անփոփոխ մեծություններ են»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` առաջին անգամ ելույթ ունենալով Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ կհաստատի Թուրքիայի հետ «մեծ հույսով նայելով ապագային, այլ ոչ թե չներող հայացքով անցյալին»: Ընդգծելով Հարավային Կովկասում կայունության հաստատման կարեւորությունը` Վարդան Օսկանյանը շոշափեց Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների դրությունը: «Լինելով ռեալիստ, մենք կոչ ենք անում պաշտոնական Բաքվին ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն դառնա Ադրբեջանի քաղաքացիներ իրենց կամքին հակառակ»,- ընդգծել է նախարարը: Միաժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղության ձեռք բերմանը` «հաշվի առնելով այժմյան իրավիճակը եւ այն պատմական հանգամանքները, որոնք բացատրում են ներկայիս իրավիճակը», տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: