16 հոկտեմբերի 2009 - 23:23 AMT
Եվրախորհրդի փորձը հաջողությամբ կիրառվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար
Եվրախորհրդի հարուստ փորձագիտական ներուժն արդյունավետորեն ներդրվում է Հայաստանի ժողովրդավարական համակարգերի զարգացման գործում: Այդ մասին հայտարարել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը` կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը:

Հանդիպման սկզբին դեսպան Մնացականյանը գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձները պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են կազմակերպության օրակարգային հարցերն ու խնդիրները, բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունն ու եղանակները: Կարեւորվել է կազմակերպության ռեսուրսների օպտիմալացումն ու իրագործվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը, նշվել է նաեւ եվրոպական կառույցների համագործակցության, մանդատների շրջանակներում գործունեության փոխլրացման եւ կրկնօրինակումից խուսափելու անհրաժեշտությունը: Գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ ողջունել է հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ բարձր գնահատել այդ ուղղությամբ իրականացվող քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: