17 հոկտեմբերի 2009 - 20:13 AMT
Հոկտեմբերի 17-ին Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է
1987թ. հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերոյի հրապարակում , որտեղ 1948թ. ստորագրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել, հարգելու համար ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակը:

Հավաքվածները գիտեին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է եւ հաստատեցին այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու ջանքերի անհրաժեշտությունը: Այդ օրը հուշաքար բացվեց, հուշաքարեր կանգնեցվեցին նաեւ այլ երկրներում:

Հոկտեմբերի 17-ն այն օրն է, երբ աշխարհը կարող է ակտիվորեն ուշադրությունը սեւեռել աղքատության մեջ ապրողների զրկանքներին ու ցավերի վրա:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1992թ. դեկտեմբերի 22-ին բանաձեւ ընդունեց, որով հոկտեմբերի 17-ը հայտարարվեց Աղքատության դեմ պայքարի միջազգային օր: Վեհաժողովը կոչ արեց բոլոր պետություններին նվիրել այդ օրը կոնկրետ միջոցառումների անցկացմանն ու քարոզին: