17 հոկտեմբերի 2009 - 20:44 AMT
Բաքվի շեհիդների ծառուղուց հանվել են թուրքական դրոշները
Բաքվի շեհիդների ծառուղուց հանվել են թուրքական դրոշները, որ տեղադրվել էին թուրք զինծառայողների պատվին: Ըստ տեղամասի պահակախմբի աշխատակցի, դրոշները հավնել էին դեռեւս հոկտեմբերի 15-ին:

«Առավոտյան եկան 2-3 բանվորներ եւ հանեցին բոլոր դրոշները: Իսկ երեկ երեկոյան նույն բանվորները կրկին եկան, այս անգամ նրանք ապամոնտաժեցին դրոշաձողերը, իսկ վնասված մասը բետոնապատեցին եւ ծածկեցին քարե սալիկներով»,-ասել է նա:

Սաբաիլի շրջանային աշխատակազմի աշխատակից Իսրաֆիլ Քերիմովը այս միջադեպի առնչությամբ ասել է, որ «դա քարոզարշավի բնույթ չի կրում: Այս գործընթացն իրականացվում է «Օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դրոշների օգտագործման կանոնների մասին» օրենքի շրջանակներում եւ այդ կապակցությամբ պարբերաբար ստուգումներ են կատարվում:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովի, թուրքական դրոշները համալիրի մերձակայքից հանվել են վերանորոգման կապակցությամբ, որն անց է կացվում այս հատվածում, հաղորդում է ANS PRESS գործակալությունը:

Հուշահամալիրը տեղակայվել է 1130 թուրք զինվորների պատվին, որոնք զոհվել են 1918թ. Կարմիր բանակի հետ մարտերում: