19 հոկտեմբերի 2009 - 20:55 AMT
Միջազգային հանրությունը փակել է իր աչքերը Հայաստանի ներքին խնդիրների վրա իշխանությունների զիջումների փոխարե՞ն
Հայաստանի քաղբանտարկյալների եւ ռեպրեսիայի ենթարկվածների պաշտպանության կոմիտեն բաց նամակով դիմել է ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, որում կոչ է արել այդ երկրների ղեկավարություններին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա քաղբանտարկյալներին ազատ
արձակելու գործում:

Նամակում անհանգստություն է հայտնվում այն կապակցությամբ, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հետո այլեւս չի զգացվում Հայաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշումը ժողովրդավարության վերականգնման եւ քաղբանտարկյալների ազատ արձակման գործում: Ելնելով վերոնշյալից, Հայաստանի քաղբանտարկյալների եւ ռեպրեսիայի ենթարկվածների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչների մոտ տպավորություն է ստեղծվում, որ միջազգային հանրությունը փակում է իր աչքերը Հայաստանի ներքին խնդիրների վրա իշխանությունների զիջումների փոխարեն: