Անկարան կփորձի որքան հնարավոր է արագ սկսել արձանագրությունների վավերացման գործընթացը

PanARMENIAN.Net - «Հավանաբար, պաշտոնական Անկարան կփորձի որքան հնարավոր է արագ սկսել արձանագրությունների վավերացման գործընթացը, միաժամանակ, կտրուկ քայլեր եւ ոչ երկիմաստ հայտարարություններ անելով ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության հասցեին` պահանջելով արագացնել ղարաբաղյան բանակցային գործընթացը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա կարծիքով, սա յուրահատուկ ծուղակ է Հայաստանի ու Թուրքիայի համար, որտեղ իր դերակատարությունն ունեն ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան: Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարությանը, ապա, ըստ Աբրահամյանի, առաջին սխալն արդեն թույլ է տրված, սակայն պետք է շատ ավելի զգոն լինել, չմտածված եւ պետության անկախության համար վտանգավոր քայլեր թույլ չտալու համար: «Հարկավոր է մի շարք կտրուկ քայլեր կատարել Ղարաբաղի հարցում, ցույց տալու համար Թուրքիային իր դիրքորոշման ողջ ապակառուցողական բնույթը: Հայաստանը, Ղարաբաղի հարցում իր անսպասելի գործողություններով, պետք է հստակ ցույց տա Թուրքիային, որ իրավիճակը Ղարաբաղում վերահսկում է հենց Երեւանը եւ խնդիրը եւս կարող է լուծել միայն Երեւանը` առանց արտաքին ազդեցությունների եւ ճնշումների: Արձանագրությունների ստորագրումից հետո, Հայաստանը չպետք է հանդուրժի թուրք պաշտոնյաների մի շարք բացահայտ ադրբեջանամետ արտահայտությունները Ղարաբաղի վերաբերյալ: Եթե Թուրքիան հետագայում եւս «միջնորդի» դեր ստանձնի Ղարաբաղի հարցում, ապա Հայաստանը ստիպված է լինելու արծարծել միջազգային իրավական կազմակերպություններում Թուրքիայի կողմից շրջափակման ողջ ընթացքում Հայաստանին հասցված տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ ժողովրդագրական վնասի փոխհատուցման հարցը: Չի կարելի թույլ տալ Թուրքիային, որպեսզի նրա ողջ հակահայկական քարոզարշավը ներվի նրան մեկ ստորագրությամբ»,-ասել է նոր պահպանողականների առաջնորդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---