20 հոկտեմբերի 2009 - 13:19 AMT
Կարեն Կարապետյան. Ժամանակն է, որ Հայաստանը գազը գնի շուկայական գնով
Հայաստանի համար ռուսական գազի 180 դոլար 1000 խմ դիմաց գինն աննախադեպ է, գտնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության ղեկավար Կարեն Կարապետյանը: Նա նման կարծիք է հայտնել լրագրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի 20-ին, Երեւանում: Նրա խոսքերով, «Գազպրոմի» հետ բանակցություններ են ընթանում, եւ ըստ սկզբնական պայմանավորվածության, գազի գինը կկազմի 180 դոլար 1000 խմ գազի դիմաց: «Բանակցությունները շարունակվում են, եւ, հետեւելով գազի եւ նավթի գնագոյացմանն աշխարհում, կա նաեւ այն վերանայելու հնարավորություն, սակայն մենք մշակում ենք մեր ռազմավարությունը, ելնելով այդ գնից»,-հավելել է նա:

Այս առնչությամբ Կարապետյանն առանձնապես ընդգծել է, որ 180 դոլար 1000 խմ գազի դիմաց գինը լավագույնը կլինի տարածաշրջանում, սակայն, «մենք, հայերս, միշտ պահանջում ենք, որ մեր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորեն, դա անհեռանկարային ու հոգնեցուցիչ վարքագիծ է, քանի որ հարկավոր է անցնել տնտեսական կատեգորիաների»: Նա նաեւ հավելել է, որ ընկերության 12-ամյա գոյության ընթացքում Հայաստանը գազի «էքսկլյուզիվ» գին ուներ եւ այդ ընթացքում նա պետք է նախապատրաստվեր գազի շուկայական գինը վճարելուն:

Հայաստանն ու ՌԴ-ն նախագահների մակարդակով բանակցում են 2010թ. գազի սակագների իջեցման շուրջ: Այս հարցը քննարկվել է երկու նախագահների հերթական հանդիպմանը Մոսկվայում: Հայաստանը պայմանագիր ունի «Գազպրոմէքսպորտի» հետ գազի երկարատեւ գնման մասին, որտեղ վերապահվում են 2009-2015թթ. առաքման պայմանները: Ըստ պայմանագրի, Հայաստան առաքվող գազի գներն աստիճանաբար աճում էին: Ըստ պայմանագրի, 2009թ. գազն առաքվում էր 110 դոլարով 1000 խմ համար, 2009թ. հոկտեմբերի 1-ից` 2010թ. մարտի 31-ը-154 դոլարով, իսկ 2010թ. ապրիլից ենթադրվում էր, որ գազը կմատակարարվի 200 դոլարով: