20 հոկտեմբերի 2009 - 16:55 AMT
Արձանագրությունների վավերացման գործընթացը կարող է կասեցնել միայն միավորված ընդդիմությունը
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավախություններ է առաջացնում այն պատճառով, որ Թուրքիան հուսալի գործընկեր չէ, եւ ինչպես այս գործընթացի սկիզբն, այնպես էլ հեռանկարները հասկանալի չեն»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի, Հայաստանի ղեկավարությունը ի սկզբանե երկընտրանքի առջեւ կանգնեցրեց հայ հանրությանը` «կամ բացվում են սահմանները եւ Հայաստանը զարգանում է, կամ հակառակը»:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսակետից, նա նշել է, որ ՀՀ քաղաքական դաշտը բաժանվում է նրանց, ով կողմ է ղեկավարության քաղաքականությանը, եւ նրանց, ով դեմ է: Ըստ նրա, այս առնչությամբն ընդդիմությունը բավականաչափ թույլ է իշխանությունների համեմատ, քանի որ այն պառակտված է, իսկ միջազգային հանրությունը սատարում է Հայաստանի ղեկավարությանը: «Հայաստանի քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ազգային գաղափարն ու ժողովրդավարությունը չեն կարող գոյակցել, այսինքն, Հայ ազգային կոնգրեսն ինչպես ժողովրդավարական զարգացման առաջատար եւ ՀՅԴ-ն, ինչպես ազգային շարժման առաջատար մինչ այժմ չեն կարողանում համագործակցության եզրեր գտնել»,-ասել է Մելիքյանը:

ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նշել է, որ պառակտված ընդդիմությունը ի վիճակի չէ կասեցնել վավերացումը, սակայն չի կարող իրականացնել նաեւ վերը նշված խնդիրները` երկրի ժողովրդավարական զարգացում եւ ազգային խնդիրների լուծում: Նա նաեւ հավելել է, որ եթե ընդդիմությունը միավորվի եւ Հայաստանը դենոնսացիայի ենթարկի Կարսի պայմանագիրը, ապա հայ-թուրքական հարբերությունների կարգավորման հարցում Հայաստանը բավական շահեկան պայմաններ կապահովի իր համար:

Պատասխանելով լրագրողների հարցերին հնարավոր հետեւանքների մասին, եթե Կարսի պայմանագիրը դենոնսացիայի չենթարկվի` Մելիքյանը նշել է, որ այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտությունում: Նա չի կոնկրետացրել, թե ինչ զիջումների մասին է խոսքը, սակայն նշել է, որ եթե գործընթացները զարգանան այդ տրամաբանությամբ, ապա, հավանաբար, ղարաբաղյան կարգավորման գործում լուրջ առաջընթաց հնարավոր կլինի արդեն 2010թ. ավարտին: