20 հոկտեմբերի 2009 - 18:46 AMT
Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ համաձայնագիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) Համաձայնագիր է ստորագրել: ՀԱՊԿ-ի քարտուղարությունը Բելառուսի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթերի փաթեթ է ստացել, որը կապ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հետ:

Փաստաթղթերի փաթեթի մեջ են մտնում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի Համաձայնագիրը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մասին» ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, «ՀԱՊԿ քարտուղարության թվաքանակի եւ կառուցվածքի եւ փոփոխման մասին» ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը եւ այլ նմանատիպ փաստաթղթեր:

Նշված փաստաթղթերը ստորագրվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում` ս. թ. հունիսի 14-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների կողմից:

Բելառուսի նախագահը ստորագրել է նաեւ այլ փաստաթղթեր, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ-ի ներկայացուցչությունը: