20 հոկտեմբերի 2009 - 19:54 AMT
Հայաստանը չի կարող հավերժ գտնվել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուրջ քաղաքական նշանակություն կունենա, քանի որ դա նոր իրավիճակ կստեղծի մեր տարածաշրջանում, կբարձրացնի Հայաստանի դերը Հարավային Կովկասում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով, այսօր այդ դիվանագիտական հարաբերությունները կան, շաբաթը 2 անգամ գործում է Երեւան-Ստամբուլ օդային չվերթ, իսկ տուրիստական սեզոնին այդ չվերթը հասնում է շաբաթական 5-6 անգամի»,- նշել է Բաղդասարյանը: Ընդ որում, նա նկատել է, որ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի 130 հազար քաղաքացի ուղիղ օդային չվերթով այցելել է Թուրքիա, նվազագույն հաշվարկներով` Հայաստանի 70-80 հազար քաղաքացի այսօր ապրում կամ աշխատում է Թուրքիայի տարածքում: «Դիվանագիտական հարաբերությունների փաստացի բացակայությունը մեզ հնարավորություն չի տալիս ոչ միայն պաշտպանել մեր քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը Թուրքիայի տարածքում, այլեւ չի նպաստում տնտեսական ենթակառուցվածքների արդյունավետ զարգացմանը: Այդ հարաբերությունները փաստացի կան, ուղղակի դրանք պետք է դնել իրավական հիմքերի վրա»,- ընդգծել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացումը, դա որակական նոր զարգացման հնարավորություն է թե' մեր երկրի, թե' ողջ տարածաշրջանի համար: «Մեր հարեւանները չպետք է մեր թշնամիները լինեն դարեդար: Չորս հարեւանից երկուսի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում մեր ապագայի համար»,- ասել է ԱԱԽ քարտուղարը` ավելացնելով, որ Հայաստանն իր մեկուսացման հետեւանքով կրում է միլիարդավոր դոլարների վնաս եւ մշտապես գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ