21 հոկտեմբերի 2009 - 17:18 AMT
Խաչատուր Աբովյանի Տուն-թանգարանի հին շենքի վերականգնման համար 15 մլն դրամ է պակասում
Սոցիալական ներդրումների հիմնադրամը Խաչատուր Աբովյանի Տուն-թանգարանի ղեկավարությանը 27 մլն դրամ հատկացրեց: Սակայն վերանորոգման աշխատանքների ընթացքում պարզվեց, որ թանգարանի հին շենքը իրականում ավելի ցավալի վիճակում է գտնվում, քան ցույց տվեցին նախագծման աշխատանքները:

«Շենքի լիարժեք վերականգնման համար, որն օգտագործվելու է որպես գրադարան, պահոց եւ աբովյանագիտության գիտահետազոտական կենտրոն, 15 մլն դրամ է պակասում»,- վստահեցրել է Խ.Աբովյանի Տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:

Խաչատուր Աբովյանը` հայ գրող, լուսավորիչ-դեմոկրատ, հայ նոր գրականության եւ նոր գրական լեզվի հիմնադիր, մանկավարժ, ազգագրագետ, ծնվել է 1809թ. հոկտեմբերի 15-ին Էրիվանի (Երեւան) մոտ` Քանաքեռ գյուղում, անվանի, բայց սնանկացած ընտանիքում: Ուսանել է Էջմիածնում, ապա` Թիֆլիսի Ներսեսյան ճեմարանում (1824-26թթ.): 1836թ. ավարտել է Դերպտի (ներկայիս Տարտուսյան) համալսարանը: Վերադառնալով հայրենիք, որպեսզի իրեն նվիրի մանկավարժական գործունեությանը, Աբովյանը թշնամական վերաբերմունքի է արժանացել հայ հոգեւորականության եւ արքայական պաշտոնատարների կողմից, քանի որ հանդես էր գալիս դպրոցական ուսման մեջ դոգմատիզմի, ֆորմալիզմի դեմ: 1837թ. թիֆլիսյան ուսումնարանի տեսուչ է եղել, իսկ 1843թ. տեղափոխվել է նույն պաշտոնին Երեւան: 1848թ. ապրիլի 2 (14)-ին դուրս է եկել տնից եւ անհայտ կորել է: