21 հոկտեմբերի 2009 - 21:55 AMT
Անկարան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Երեւանի հետ, սակայն չի բացի սահմանը քանի դեռ առաջընթաց չկա Ղարաբաղի հարցում
Թուրքիայի խորհրդարանը շատ արագ կվավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները` դրանից ոչ մի վնաս չի լինի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սաբանչի համալսարանի փորձագետ, TESEV թուրքական կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն:

«Անկարան նույնիսկ կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Արձանագրությունների վավերացումից հետո, սակայն հարցն այն է, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը: Ես վստահ չեմ, որ այն կբացվի, քանի դեռ առաջընթաց չկա Ղարաբաղի հարցում»,-ասել է թուրք փորձագետը: Ըստ նրա, թեեւ հայ պաշտոնյաները չեն կապում այդ երկու գործընթացները, թուրք պաշտոնյաները բազմիցս հակառակն են պնդել: «Այժմ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է համոզեն Ադրբեջանին ու Հայաստանին պայմանագիր կնքել մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Արձանագրությունների ստորագրումը, հավանաբար, կարագացնի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ»,-ասել է Ա.Գորջուլուն: