21 հոկտեմբերի 2009 - 22:04 AMT
Թուրքիայի խորհրդարանը կսպասի Երեւանի քայլերին Ղարաբաղի ուղղությամբ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ներկայացվել են խորհրդարան, սակայն այդ փաստաթղթերի վավերացման համար Թուրքիայի օրենսդրական մարմինը կսպասի այնքան, մինչեւ որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղի մերձակա 5 շրջաններից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Թուրքիայի Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության ընկերակցության նախագահ Սինան Օհանը:
«Այսօր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն հանդես եկավ խորհրդարանի առջեւ եւ ներկայացրեց Արձանագրությունները: Սակայն միեւնույն է, առանց Ղարաբաղի հարցի հանգուցալուծման Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի այդ փաստաթղթերը»,-ասել է թուրք փորձագետը` հավելելով, որ Անկարան կոնկրետ քայլերի կսպասի Երեւանից Ղարաբաղի առնչությամբ:
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Կայդենաուի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ հայ -թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում` Սինան Օհանն ընդգծել է, որ չնայած այդ հայտարարություններին, Անկարան այնուամենայնիվ նախապայմաններ ունի Երեւանի հանդեպ, հատկապես այժմ, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ «դրոշների ճգնաժամի» շրջանում: