20 մարտի 2002 - 19:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաջորդ շաբաթ Թուրքմենստանի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի էներգետիկայի նախարարության աշխատանքային խումբը` Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական գազի առաքումների մասին համաձայնագիր նախապատրաստելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանում Հայաստանի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Արամ Գրիգորյանը: Նրա խոսքերով, Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ վերջերս կայացած հանդիպման ընացքում, թուրքմեն առաջնորդին է փոխանցվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ուղերձը` Իրան-Հայաստան գազատարի շինարարության հեռանկարների եւ Հայաստան թուրքմենական գազի տարանցման վերաբերյալ: Սպասվում է, որ Հայաստան թուրքմենական գազի առաքումների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի Թուրքմենստանի նախագահի առաջիկայում Երեւան կատարելիք պաշտոնական այցի ընացքում: Դեսպանը նաեւ նշել է, որ Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Դեսպանի խոսքերով, Նիյազովը բարձր է գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունների բարեկամական բնույթը եւ արտահայտվել է երկկողմ առեւտրա- տնտեսական համագործակցության զարգացման օգտին: Արամ Գրիգորյանը նշել է, որ վերջերս Աշգաբադում ի դեմս «Դվին» կոնցեռնի բացվել է Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունը, որը կզբաղվի երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի մշակմամբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: