22 հոկտեմբերի 2009 - 15:44 AMT
ՀՀ ԱԳՆ փոխնախարար. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կարեւորն արդյունքի հասնելն է
Թուրքիայի ղեկավարության այն հայտարարությունները, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մի բան է, իսկ այն, ինչն ամրագրված է թղթի վրա` մեկ այլն բան է: Թղթի վրա դա առանց նախապայմանների երկու կողմերի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնության գործնական արդյունքն է: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Բաքվում գտնվող ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Ըստ նրա, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները 7 հանդիպում են ունեցել: Դա շատ դրական պահ է: Քննարկվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած սկզբունքները: Բանակցությունները շարունակվում են կառուցողական եւ դրական մթնոլորտում»,-ասել է Արման Կիրակոսյանը:

Ա. Կիրակոսյանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկու բոլորովին տարբեր գործընթացներ են: «Հայ-թուրքական հարաբերություններն երկու ինքնիշխան պետությունների հարաբերություններ են եւ իրավական իմաստով դրանք ոչ մի կապ չունեն Ղարաբաղի գործընթացի հետ: Ուստի, եթե ամեն ինչ նորմալ լինի ստորագրումից եւ վավերացումից հետո, սահմանը կբացվի»,-ասել է Կիրակոսյանը:

Ըստ նրա, ամենակարեւորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնելն է: «Երբ կողմերը համաձայնության հասնեն կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, այն ժամանակ էլ կսկսվի բանակցությունների երկրորդ վերջնական գործընթացի իմպլեմենտացիան»,-ասել է Կիրակոսյանը, հաղորդում է Vesti.Az-ը: