22 հոկտեմբերի 2009 - 16:32 AMT
Հայ ընդդիմության բողոքներն Արձանագրությունների դեմ արդյունք տվեցին
«Հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքները կշարունակվեն, քանի որ դրանց շնորհիվ երկու կարեւոր հարց լուծվեց` Հայաստանի իշխանությունները, այսպես թե այնպես, սկսեցին ճանաչել նախապայմանների գոյությունը, իսկ գերտերությունները, որ ինտեգրաված են այդ գործընթացին, հասկացան, որ նման շտապողականությամբ հնարավոր չէ լուծել խնդիրը»,-մամլո ասուլիսում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Ըստ Կարապետյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր չէ արագ արդյունքի հասնել այն պարզ պատճառով, որ դա պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի հայ հանրության շրջանում:

Մեկնաբանելով հոկտեմբերի 21-ին արված երկու ամերիկացի սենատորների առաջարկը Հայոց ցեղասպանության մասին օրենք ընդունելու վերաբերյալ` Ա.Կարապետյանն ասել է, որ այդ քայլով ԱՄՆ վարչակազմը ցանկանում է մեղնել հայ հանրության շրջանում առաջացած հակաամերիկյան տրամադրությունները եւ միաժամանակ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չձգձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը:

Ա.Կարապետյանը նաեւ ընդգծել է, որ ըստ նրա, ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները, եւս մտահոգված են Արձանագրություններով: Ա.Կարապետյանը լրագրողների ուշադրույթունը հրավիրել է հետեւյալ փաստի վրա` ՀՀ ԱԺ-ում Արձանագրությունների վավերացումը անցնելու է փակ քվեարկությամբ, վկայում է այն մասին, որ իշխող կուսակցությունների պատգամավորները ցանկանում են խուսափել անձնական պատասխանատվությունից: