22 հոկտեմբերի 2009 - 22:09 AMT
Հայաստանն այնպիսի որոշումներ է որոնում, որոնք տեւական խաղաղություն կհաստատեն Ղարաբաղում
«Մենք շատ լրջորեն եւ պատասխանատվությամբ ենք մոտենում բանակցային ողջ գործընթացին: Ավելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է` չկա: Եւ հենց Լեռնային Ղարաբաղն է ցանկանում, որպեսզի օր առաջ լուծվի այս խնդիրը:

«Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն եւ այն կլինի տեւական: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գալ այնպիսի եզրակացությունների, այնպիսի լուծումների, որոնք ինչ-որ մի ժամանակահատվածի համար, միգուցե, կարող են լինել ընդունելի, բայց չեն կարող ապահովել, ինչպես արդեն ասացի, տեւական խաղաղություն»,- Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, եւ բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ: Հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ հնարավոր չէ շատ բան թաքցնել, եւ այս իրավիճակը տեսնում են շատ-շատերը` ոչ միայն մենք կամ բանակցող կողմերը: Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել: Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին եւ, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որեւէ կերպ չի մոտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը:

Ուզում եմ կրկնել, որ բանակցությունների կոնտեքստից` լինեն դրանք նախկինում, թե հիմա, կտրել ինչ-որ հատված եւ փորձել այդ հատվածի մասին խոսել` ճիշտ չէ, մանավանդ որ մինչեւ խոսելն իրենք են վերապահումներ անում: Եթե իրենք ասում են, թե ամեն ինչ բանակցված չէ, թե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերված չէ:Կարծում եմ` ճիշտ կլինի, որ եւ մենք, եւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից եւ ներկայացնել սեփական լսարանին»,-ասել է ՀՀ նախագահը: