23 հոկտեմբերի 2009 - 14:13 AMT
Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում կանցնեն կոմպոզիտորի մասնակցությամբ
Հայտնի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկիու օրերը կանցնեն Հայաստանում` հոկտեմբերի 26-29-ը: Օրերի շրջանակներում տեղի կունենա 4 համերգ: Բոլոր չորս համերգներին կհնչի միայն Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությունը`սիմֆոնիաներ, սիմֆոնյետտաներ, կոնցերտներ, սերենադներ, էտյուդներ: Պենդերեցկին կմասնակցի համերգներից մեկում, որը կանցնի նրա ղեկավարության տակ:

Երկրորդ համերգին ելույթ կունենան «Շանհայ» քառյակը, լեհ կոմպոզիտոր Միխալ Կլաուզան, ավստրիացի ջութակահար Յուլիան Ռահլինը եւ այլոք: Հայ երաժիշտներից Պենդերացկու ստեղծագործությունները կկատարեն դաշնակահար Արթուր Ավանեսովը, կլառնետահար Մարտին Ուլիխանյանը, «Հովեր» Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պետական կամերային երգչախումբը եւ շատ ուրիշներ:

Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը առաջին անգամ անցկացվեցին 2008 թ-ի ապրիլին:
Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է փաստաբանի ընտանիքում նոյեմբերի 25-ին, 1933 թ-ին, Դեմբիցա լեհական քաղաքում: Ժամանակակից երաժշտական մշակույթում նա ամենավառ ներկայացուցիչներից մեկն է` կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ: Պենդերեցկու բազմակողմանի գործունեությունը կապված է աշխարհի շատ երկրների հետ, իսկ ստեղծագործությունները իսկությամբ համաշխարհային են: