24 հոկտեմբերի 2009 - 15:11 AMT
«Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն» Արձանագրությունների վավերացումը ձախողելու ճանապարհներ է փնտրում
Հոկտեմբերի 23ին Երեւանում «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «առանց հղումների» ձեւաչափով սեմինար-քննարկում հայ-թուրքական Արձանագրություններում պարունակվող վտանգավոր դրույթների, դրանց մասին հասարակության տեղեկացվածության եւ այդ Արձանագրությունների վավերացման գործընթացը խափանելու հնարավոր ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, ԱԺ փորձագետներ, հրավիրված քաղաքական ուժերի երիտասարդական թեւերից ներկա էին ՀՅԴ-ի, Հնչակյան կուսակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

Քննարկման մասնակիցները գրեթե միակարծիք էին այն հարցում, որ Արձանագրությունները պարունակում են Հայաստանի շահերի տեսանկյունից անընդունելի նախապայմաններ: Քննարկվեց նաեւ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության դերը այս արձանագրությունների վավերացումը խաբանելու գործում եւ այդ ուղղությամբ նրանց հավանական գործողությունները: Խոսվեց բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու, այս Արձանագրություններին դեմ հանդես եկող բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի միաբանման, կուսակցական դրոշակները իջեցնելու եւ մեկ` Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես գալու անհրաժեշտության մասին:

Հատկապես կարեւորվեց հասարակությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը, քանի որ ակնհայտ է, որ շատերը գտնվում են իշխանական հեռուստաընկերությունների միակողմանի քարոզչության ազդեցության ներքո եւ «Ոչ»-ի շարժումն ընկալում են որպես հայ-թուրքական սահմանը բացելուն եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու դրանով բնականոն հարաբերությունների ձեւավորման դեմ ուղղված բողոքի միջոցառումներ:

Ներկաները որոշեցին շարունակել տարատեսակ միջոցառումների (պիկետներ, բողոքի ակցիաներ, թռուցիկների տարածում, սեմինար-քննարկումներ եւ այլն), կազմակերպումն ընդդեմ Արձանագրությունների վավերացման եւ դրանցում առկա վտանգների մասին հասարակությանը տեղեկացնելու ուղղությամբ:

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը 2001թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: ՔԱՆ գործունեության նպատակը հասարակական հանրակարգերի եւ պետական համակարգի համալիր բարելավումն է: