24 հոկտեմբերի 2009 - 21:11 AMT
«Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնը կբացվի դիմակահանդես-երթով
Հոկտեմբերի 25-ին մեկնարկում է «Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնը: Փառատոնը կմեկնարկի դիմակահանդես-երթով, որ կսկսվի Մատենադարանի մոտից եւ կավարտվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:

Մատենադարանի մոտ տեղի կունենա յուրօրինակ մի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն անհետացման եզրին գտնվող Հայաստանի էնդեմիկ կենդանիների «քանդակները»` պատրաստված պոլիէթիլենային աղբից:

Այնուհետեւ շուրջ 500 պատանիներ, որոնք կկրեն տարբեր կենդանիների դիմակներ ու հագուստներ, որոնք պատրաստված են թափոններից, կշրջեն քաղաքի փողոցներով:

Դիմակահանդեսի նպատակն է հիշեցնել հանրությանը շրջակա միջավայրի պահպանության համար պատասխանատվության մասին:

Հայաստանի ֆաունան ընդգրկում է շուրջ 535 տեսակի ողնաշարավորներ, որոնցից 99-ը ընդգրկված են Կարմիր գրքում, իսկ 339-ը` էնդեմիկ տեսակներ են:

Ներկայումս Հայաստանում շուրջ 300 տեսակի կենդանիներ համարվում են անհետացող կամ հազվագյուտ:
«Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է: