Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին ազատ տնտեսական գոտի ստեղծել սահմանում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ՌԴ Պետդումայում հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության շարունակությունն է»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջին անգամ էին հանդիպում ժողովրդական դիվանագիտության շրջանակներում:



Խաչատրյանը հաղորդել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու ժողովրդների միջեւ երկխոսության հաստատման ուղիներ գտնելու թեման` չանդրադառնալով զինված հակամարտության թեմային:



Խաչատրյանը հաղորդել է նաեւ, որ հայկական կողմն առաջարկել է ազատ տնտեսական գոտի ստեղծել Հայաստանի հյուսիսում (հայկական Իջեւանի եւ ադրբեջանական Ղազախի միջեւ), որտեղ ադրբեջանցիներն ու հայերը կկարողանան փոխըմբռնման հասնել տնտեսական հարաբերություններ կառուցելու միջոցով: «Բոլորն են հասկանում, որ այստեղ հարցն այն չէ, թե ինչ տնտեսական շահ կբերի այդ ազատ տնտեսական գոտին, այլ այն, որ կստեղծվի մի հարթակ, որտեղ երկխոսություն կծավալվի ժողովրդների միջեւ»,-ասել է Խաչատրյանը:



Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե համաձայնվել են արդյոք ադրբեջանցիները, Վ.Խաչատրյանը նշել է, որ հանդիպման ժամանակ եղել են նաեւ ադրբեջանցի պատգամավորների էմոցիոնալ ելույթներ, իրենք բարձրացրել են նաեւ փախստականների հարցը»,-«սակայն, ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմը եւս դեմ չէր հայ պատգամավորների առաջարկին»:



Նա նաեւ ասել է, որ եթե նախնական պայմանավորվածությունների մեջ փոփոխություններ չկատարվեն, նման հանդիպումներ տեղի կունենան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---