26 հոկտեմբերի 2009 - 19:33 AMT
Գլենդեյլում Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված միջոցառում է կայացել
Հոկտեմբերի 11-ին Գլենդեյլի Հանրային գրադարանում Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված միջոցառում կայացավ: Այդ մասին ասվում է Կոմիտասի անվան Լոնդոնյան համալսարանի` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ: Մոտ 3 ժամ տեւած միջոցառմանը մասնակցել են Ադանայի զոհերի հետնորդները, ինչպես նաեւ մտավորականության ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական ելույթ ունեցողներն էին Գարո Մոմջյանը, պատմաբան Արա Սարաֆյանը, ակադեմիկոսներ Մայքլ Ագոբյանը, Քեյ Մուրադյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը եւ Լեւոն Մարաշլյանը:

Ելույթ ունեցողները պատմեցին 1909թ. Ադանայում հայ բնակչության ոչնչացման սարսափների մասին եւ ընդգծեցին Օսմանյան կայսրության մեղքն այդ ջարդերում: Գարո Մոմջյանն անդրադարձավ թուրքական պատմագրության անհիմն դիրքորոշմանը, որը ժխտում է 1909թ. կոտորածը: Մոմջյանի խոսքով, թուրք պատմաբանները թույլ են իրենց գնահատականի հարցում եւ վաղ, թե ուշ նրանց դիրքորոշումը փոխվելու է:

Միջոցառման կազմակերպիչներն էին Գլենդեյլի Հանրային գրադարանը, Կոմիտասի անվան Լոնդոնյան համալսարանը: