27 հոկտեմբերի 2009 - 16:53 AMT
ԼՂՀ եւ Մերձդնեստրի Հանրապետության խորհրդարանները խորացնում են համագործակցությունը
Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:

Զրույցի հիմնական թեման ԼՂՀ եւ ՄՄՀ միջխորհրդարանական համագործակցության ներկայիս վիճակն ու հետագա զարգացման հեռանկարներն էին, ասպարեզում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ կողմերի անելիքները:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» եւ «ՀՅԴ-«Շարժում-88»» պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Արթուր Թովմասյանը եւ Արմեն Սարգսյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Դանիելյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Վարդան Բարսեղյանը, ԱԳՆ պատասխանատու աշխատակիցներ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: