29 հոկտեմբերի 2009 - 11:17 AMT
Հայաստանում վավերագրական ֆիլմ է նկարահանվել Ջավախքի մասին
Երեւանում տեղի է ունեցել «Վահե» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է 1919թ. Վրաստանի կազմի մեջ ընդգրկված հայաբնակ Ջավախքում տիրող իրավիճակի եւ պատմության մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Միտք» վերլուծական կենտրոնում, ֆիլմը նկարահանել են Արուսյակ Սիմոնյանն ու Աստղիկ Մելքոնյանը, որոնք նյութերի վրա աշխատել են շուրջ 1 տարի:

Ֆիլմը պատմում է առօրյա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին այն մարդկանց շուրթերով, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում: Ի սկզբանե ֆիլմի ստեղծումը մեկ նպատակ ուներ` արտացոլել բոլոր այն երեւույթները, որոնք ճնշում են ջավախահայի կյանքն իր պատմական հայրենիքում եւ ցույց տալ նրա խնդիրները Հայաստանի հանրությանը: «Աշխատելով ֆիմի վրա, մենք ջանացել ենք առավելապես մատչելի կերպով ներկայացնել այդ խնդիրները, հատկապես Հայաստանի երիտասարդությանը: Մենք նաեւ հուսով ենք, որ ջավախահայերը կընկալեն այս ֆիլմը որպես ազդանշան Հայաստանի մայրաքաղաքից եւ, որ ֆիլմը որոշ չափով կցրի լիակատար անպաշտպանության եւ միայնության այն զգացողությունն, որ ունեն մեր կողքին` Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները»,-ասել է Աստղիկ Մելքոնյանը: