29 հոկտեմբերի 2009 - 17:35 AMT
Հայաստանի կառավարությունը կաջակցի «Startup» ընկերություններին
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման եւ աջակցման խորհրդի ընդլայնված նիստ` վարչապետ, ՏՏԶԱԽ-ի նախագահ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ: Խորհրդի օրակարգում ընդգրկված էին հարցեր, որոնք վերաբերում էին ՏՏԶԱԽ-ի նախորդ նիստի հանձնարարականների կատարմանը: Հանձնարարական է տրվել վերջնականապես կարգավորել ՀՀ օրենքով չնախատեսված ապրանքների համար մաքսակետերում որոշ դեպքերում առկա սերտիֆիկատ պահանջելու եւ այդ մասին ներմուծողներին հետագայում հարցում անելու խնդիրը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

«Startup» ընկերություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է «Նորարարության եւ ձեռներեցության կենտրոնի կոնցեպցիան», որը մշակել է հատուկ այդ նպատակով ներգրավված խորհրդատուն:
ՏՏԶԱԽ Ռազմավարական աշխատանքային խմբի ղեկավար պրն. Ա. Քուչուկյանը ներկայացրել է առաջնահերթությունների ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի եւ էլեկտրոնային հասարակության ձեւավորման միասնական ժամանակացույցի վերաբերյալ: Նա նաեւ մանրամասնել է կատարված մյուս աշխատանքները, որոնք նպաստում են կրթական ոլորտում համակարգչային գրագիտության տարածմանը:

Ուշագրավ է հատկապես «Ուսում 1» ծրագիրը, որը դեռ փորձարկման ու քննարկման փուլերում է: Քննարկվել են այդ ծրագրի հաջորդ փուլերում մասնավոր հատվածի ներկայացուցիչների ու ուսումնական հաստատությունների ներգրավման հնարավորությունները: Մի շարք հանձնարարականներ են տրվել պետական համապատասխան գերատեսչություններին:

Խորհրդի օրակարգի հարցերից է եղել նաեւ նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ-ի Սան Հոսե քաղաքում նախատեսվող «ԱրմԹեք 2009» կոնֆերանսի մանրամասների քննարկումը: Առաջարկվել է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները գործնական մասնակցություն ունենան Սիլիկոնային հովտում հայաստանյան գրասենյակի ներկայության ապահովման աշխատանքներին: Ներկաները մի շարք հարցեր են առաջադրել Սիլիկոնային հովտում նախատեսված միջոցառումներին Հայաստանի ներկայացման առումով: