29 հոկտեմբերի 2009 - 19:02 AMT
Հայաստանը շահագրգռված է Լիտվայի հետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատավիչիուսի հետ: Ողջունելով Լիտվայի արտգործնախարարի տեղակալին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է Լիտվայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում:

Էվալդաս Իգնատավիչիուսը եւս բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ նշեց, որ Լիտվան մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Բանակցությունների ընթացքումերկուստեքկարեւորվեց երկուերկրների արտաքինքաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերը բովանդակալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքի վերաբերյալ, նաեւ քննարկեցին ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին առնչվող հարցեր:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: