29 հոկտեմբերի 2009 - 20:39 AMT
Ռասիմ Ահաեւ. Բաքուն դեռեւս շարունակում է «նեղանալ» Թուրքիայից
Թուրքիան անպայման կվավերացնի Արձանագրությունները, սակայն նա չի շտապի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Ահաեւը:

«Թուրքերը այդ գործում շտապելու պատճառներ չունեն, որպեսզի ավելի շատ չգրգռեն Ադրբեջանին: Մյուս կողմից Անկարան հույս ունի, որ այդ ընթացքում Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կմեղմանա, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա», - ասել է Ահիեւը:

Նրա խոսքերով, չնայած այն բանի, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շուրջ իրավիճակը մի փոքր մեղմացել է, ինչի ապացույցն այն է, որ թուրքական դրոշները նորից ծածանվում են Բաքվի շեխիդների ծառուղում, սակայն «Բաքուն դեռեւս շարունակում է «նեղանալ» Թուրքիայից», հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»:

Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները, հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Արձանագրությունները ստորագրելուց հետո, երկու ամիսների ընթացքում փաստաթղթերը պետք է վավերացվեն խորհրդարանների կողմից:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական կապերը:Ս սահմանը փակվել է 1993 թ-ին: