30 հոկտեմբերի 2009 - 11:09 AMT
Գեորգիոս Պապանդրեու. Ես մտադիր եմ անձնական աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Այն դրական իմպուլսը, որ նկատվում է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների վերջերս հաճախակի դարձած հանդիպումներում, ոգեշնչում է ԵԱՀԿ-ին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիոս Պապանդրեուն Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

«Ես մտադիր եմ անձնական աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու գործում: Ես երախտապարտ եմ համանախագահներին, ինչպես նաեւ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այն ջանքերի համար, որ իրենք ձեռնարկում են փոխընդունելի որոշման հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար»,-հայտարարել է Պապանդրեուն:

Նա նաեւ ընդգծել է, որ հակամարտությունները խանգարում են տարածաշրջանի զարգացմանը եւ պոտենցիալ լարվածության աղբյուր են հանդիսանում: «Մենք չենք կարող դրանք ետին պլան մղել, եւ օգոստոսյան պատերազմը Վրաստանում ապացուցեց, որ այդ տեսակետը ճիշտ է: Տարածաշրջանում ապրող մարդիկ տուժում են ձգձգված հակամարտություններից: Նրանց խաղաղություն ու կայնություն է հարկավոր, ոչ թե փխրուն ստատուս-կվո»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: