30 հոկտեմբերի 2009 - 12:51 AMT
ՀՀ ԱԳՆ. Արձանագրություններում նախապայմանների մասին մեկնաբանություններն երկրորդական բնույթ են կրում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին գլխավոր հայտարարությունն Երեւանի ու Անկարայի միջեւ Երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումն է: Մյուս բոլոր մեկնաբանությունները կամ հայտարարությունները նախապայմանների մասին երկրորդական բնույթ են կիրում: Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են Արձանագրություններն առանց նախապայմանների, եւ այդ մասին հայտարարում է ոչ միայն պաշտոնական Երեւանը: Այն մասին, որ Արձանագրությունները շաղկապված չեն եւ չեն կարող շաղկապված լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, հայտարարել են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու ԵՄ-ն»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, նման կապի բացակայության մասին հայտարարել են իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Նման դիրքորոշում ունի նաեւ ողջ միջազգային հանրությունը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Արձանագրությունների վավերացման ժամկետներին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան պարտավորվել են արագ վավերացնել Արձանագրությունները:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրեցին օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:

Ստորագրմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի եւ ՌԴ ԱԳ նախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Սլովենիայի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Սամյուել Ժբոգարը: