30 հոկտեմբերի 2009 - 14:44 AMT
Վրաստանի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճիռը
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում կայացավ ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման գործով վերջին դատալսումը:
Նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը լսեց Չախալյանների փաստաբաններ` Ստեփան Ոսկանյանի եւ Նինո Անդրիաշվիլիի պաշտպանական ճառերը, այնուհետեւ խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ /15-20 րոպե/ անցկացնելուց հետո հրատարակեց իր որոշումը, որով անփոփոխ թողեց Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված դատավճիռը:

Պաշտպանության կողմըմտադիր էբողոքարկել վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վրաստանի գերագույն դատարանում:

ՎահագնՉախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի ,բե ենթակետերով (Խուլիգանություն... կատարված ... իշխանության ներկայացուցչի ...դեմ)` դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:

Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)` դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում)` որպես պատիժ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքով: