2010 թ. Հայաստանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության համար ԱԶԲ-ից կստանա առաջին 70 մլն դոլարը

PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանը ստանալու է առաջին 70 մլն դոլարը Ասիական զարգացման բանկից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության համար, ասաց Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության միջազգային կապերի գծով վարչության ղեկավար Գագիկ Գրիգորյանը Երեւանում «EXPO-RUSSIA 2009 ARMENIA» ռուսական արդյունաբերական ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում անցկացված «Ռուսաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում տրանսպորտի եւ կապի խնդիրների համատեղ լուծման հնարավոր ուղիների մասին» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում:



Գրիգորյանը հայտնեց, որ Ասիական զարգացման բանկի հետ արդեն կնքվել է պայմանագիր մինչեւ 550 կմ երկարաձգվող ավտոմայրուղու շինարարության համար 500 մլն դոլար տրամադրելու մասին: Այդ ավտոմայրուղին կապելու է երկրի հարավը հյուսիսի հետ: Նրա խոսքերով, այդ մայրուղին մինչեւ Գյումրի է ձգվում, այն քառուղի առաջին կարգի նոր ճանապարհ է, իսկ երկրորդ հատվածը կենթարկվի վերակառուցման:



Իր ելույթի ընթացքում նա պատմեց նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին: «Մենք արդեն ունենք այդ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները, Ասիական զարգացման բանկի հետ տարվում են բանակցություններ ֆինանսավորման մասին»: Դրան զուգահեռ Գրիգորյանը հիշեցրեց, որ այդ նախագծի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ` Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի փոխնախարարների մակարդակով, արդեն տեղի է ունեցել առաջին հանդիպումը, սակայն երկրորդ նիստը դեռեւս հետաձգվում է մասնավորապես Իրանում տեղի ունեցող ընտրությունների եւ նախարարական վարչակազմի նշանակման պատճառով:



Ներկայացնելով ինֆրակառուցվածքային գերակա նախագծերը, Գրիգորյանը հատուկ ընդգծեց, որ տրանսպորտային ծախսերը նշանակալի մաս են կազմում, այդ պատճառով այդ ոլորտի զարգացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի:



Ռուսական կազմակերպությունն, իր հերթին, ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ ապրանքները, ծառայությունները, որոնք պահանջարկ կունենան հայկական շուկայում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---