30 հոկտեմբերի 2009 - 19:21 AMT
Էլժբետա Պենդերեցկու հրավերով «Հովեր» կամերային երգչախումբը կմասնակցի Բեթհովենի անվան փառատոնին
Պետական կամերային «Հովեր» երգչախումբը եւ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանը գերել են առաջադեմ միջազգային փառատոներից մեկի` Լյուդվիգ վան Բեթհովենի անվան փառատոնի ղեկավար Էլժբետա Պենդերեցկուն:

«Հովեր» երգչախումբն ու նրա տաղանդավոր ղեկավար Սոնա Հովհաննիսյանը ցուցադրեցին բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչի հանդեպ ես չէի կարող անտարբեր մնալ: Երգչախումբն արդեն հրավիրված է մասնակցելու փառատոնին, որը ես արդեն 14 տարի է անցկացնում եմ», - հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ասաց Էլժբետա Պենդերեցկին :

Նա միաժամանակ հայտնեց նաեւ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իր խնդրանքը չմերժելով, համաձայնել է տրամադրել ֆինանսական միջոցների մի մասը, որն անհրաժեշտ է Լյուդվիգ վան Բեթհովենի անվան փառատոնին «Հովեր» երգչախմբի մասնակցության համար:

«Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992 թ.: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների եւ մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգեւոր երաժշտությունը գնահատողների շրջանում:

Առաջին անգամ «Լյուդվիգ վան Բեթհովենի փառատոն»-ը, որը կապված էր կոմպոզիտորի մահվան 170-ամյակի հետ, տեղի է ունեցել 1997 թ.: Հետագայում այն դարձավ, ըստ ավանդության, Սուրբ շաբաթվան ուղեկցող մշակութային միջոցառման մի հատվածը: Փառատոնը սկզբում անցկացվում էր Կրակովում, ապա 2004 թ. տեղափոխվում է Վարշավա: Փառատոնի երգացանկը փոխվում է ամեն տարի, ներկայացնելով համաշխարհային եւ եվրոպական երաժշտության առավել նշանակալի եւ հետաքրքրական գործերը, ընդ որում, գլխավոր տեղը գրավում են Բեթհովենի ստեղծագործությունները: Համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների ու երաժիշտների կատարմամբ հնչում են մեծ կոմպոզիտորի սոնատաները, քառյակները, համերգները, սիմֆոնիաները, օրատորիաները, օպերաները եւ դերամատիկական ներկայացումների համար գրված երաժշտությունը: