31 հոկտեմբերի 2009 - 12:49 AMT
Մոսկվայում կքննարկվի Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտությունում
Նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. պայմանների ստեղծում խաղաղության հաստատման համար` Ռուսաստանի դերը» կլոր սեղանի նիստը: Քննարկուները կազմակերպել է International Alert ոչ կառավարական կազմակերպությունը Ժամանակակից աշխարհի կրոնների եւ քաղաքականության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, ՌԴ Հանրային պալատի մասնակցությամբ:

Զեկույցներով հանդես կգան Եվրասիայի գծով International Alert-ի ծրագրի նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան, International Alert-ի տնօրեն Ֆիլ Շամփեյնը, Առաջին ալիքի հաղորդավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շեւչենկոն, քաղաքագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մարկեդոնովը, պրոֆեսոր, Քարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ՌԴ Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը, ՄՊՀ Սոցիալական համակարգերի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Կուրղինյանը, ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաեւը, առաջատար ռուսական, ադրբեջանական ու հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՌԴ Հասարակական պալատի անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: