Դասական տարբերակով մանկապատանեկան կինոն այսօր պահանջարկ չունի

PanARMENIAN.Net - «Անխոս, այսօրվա եւ խորհրդային մշակույթի միջեւ զուգահեռներ են մնացել: Ինչպես անտիկ մշակույթն է դարեր շարունակ սնում ժամանակակից մշակույթի զարգացումը, այնպես էլ խորհրդային մշակույթը ներհոսում է յուրօրինակ, ազգային մշակույթի նոր ձեւերի մեջ, եւ այդ ազդեցությունից շատ դժվար է խուսափել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կինոգետ Արմեն Մեդվեդեւը, որը Երեւանում է գտնվում Հինգերորդ միջազգային մանկապատանեկան փառատոնին մասնակցելու նպատակով:



Գնահատելով փառատոնը` կինոգետն ընդգծել է. «Երեւանյան Միջազգային մանկապատանեկան փառատոնը ֆիլմերի ու մարդկանց մասին է: Այն նշանակություն ուներ ոչ այնքան մեզ, որքան քաղաքի եւ երեխաների համար: Երեխաները շատ բան են ստանում մանկական թատերական եւ կինոփառատոններից, նախ եւ առաջ` հաղորդակցման մշակույթ: Ըստ իս, հինգերորդ ստեղծագործական հոբելյանը բավական արժանապատիվ ընթացք ունեցավ»:



Նրա խոսքով, մանկապատանեկան ֆիլմերի կարեւորությունը չի պակասում, սակայն, ցավոք, դրանք այս դասական տարբերակով, թերեւս, պահանջարկ չունեն այսօր:



«Այսպես կոչված դասական մանկական կինոյի ոլորտում Ռուսաստանում կենդանի է «Երալաշ» կինոամսագիրը: Այն շարունակում է երեխաների հետ խոսել այն լեզվով, որով խոսում էր նաեւ 20 տարի առաջ, ընդ որում, շարունակում է մնալ հասկանալի եւ սիրելի կինոամսագիր: Ուստի այժմ պետք է ուսումնասիրել, թե ինչ են ցանկանում երեխաները, ինչ են դիտում եւ փնտրել մանկական ֆիլմի մի նոր ձեւ»,- ասել է Արմեն Մեդվեդեւը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---