31 հոկտեմբերի 2009 - 16:40 AMT
Nabucco-ն առանց իրանական գազի անհնա՞ր է
Եվրոպական ընկերությունները Nabucco նախագծին Իրանի միանալու մասին ոչ պաշտոնական խորհրդակցություններ են սկսել նրա հետ: Այդ մասին հաղորդել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերությն (NIGEC) ղեկավար Ռեզա Կեսայիձեն: «Առանց իրանական գազի Nabucco գազատարը շահավետ չի լինի, եւ նրա իրականացումն անհնար կլինի: Գազատարի կառուցումը արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե դրանով տարեկան հնարավոր լինի փոխադրել ոչ պակաս, քան 30 մլրդ խոր. մ գազ»,- ասել է Կեսայիձեն:

Հենց այդքան է ծրագրվում փոխադրել գազատարով նախագծի երկրորդ հերթի ավարտից հետո, որի սկիզբը ծրագրվում է 2014թ.: Nabucco առաջին հերթի շինարարությունը ծրագրվում է սկսել 2011թ., հաղորդում է Reuters-ը:

Nabucco-ն 3,3 հազ. կմ երկարությամբ գազատար է, որը շրջանցելով Ռուսաստանը Կենտրոնական Ասիայից ձգվում է մինչեւ Եվրոպա` նախ եւ առաջ Ավստրիա ու Գերմանիա: Նախագծային հզորությունը` տարեկան 26-32 մլրդ խոր. մ գազ: Գազատարի կառուցման համաձայնությանը մասնակցում են OMV Gas GmbH (Ավստրիա), Botas (Թուրքիա), Bulgargaz (Բուլղարիա), S.N.T.G.N. Transgaz S.A. (Ռումինիա), MOL Natural Gas Transmission Company Ltd. (Հունգարիա) եւ RWE (Գերմանիա) ընկերությունները: