2 նոյեմբերի 2009 - 16:10 AMT
Այս տարի Վահան Թեքեյանի անվան մրցույթը կանցկացվի ինը անվանակարգով
Արդեն երեք օր է, ինչ դիմումներ են ստացվում հայ դասական գրականության մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան ամենամյա արվեստի, գրականության եւ գիտության 2009 թ. մրցույթին մասնակցելու համար: Մասնակիցների թիվն ավելանում է. անցյալ տարի դիմումների թիվը 130 էր:

Այս տարի մրցույթն անցկացվելու է ինը անվանակարգով` «Գեղարվեստական գրականություն», «Երաժշտություն», «Գեղանկարչություն», «Ռադիո եւ հեռուստատեսություն», «Սոցիալ-քաղաքական երգիծանք», «Երեխաների եւ դպրոցականների համար ամենալավ հաղորդումը», «Քանդակագործություն», «Թատրոն», ինչպես նաեւ «Ամենալավ հրապարակումը «Ազգ» օրաթերթում»:

Հայաստանում «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի խոսքերի համաձայն, մրցույթը նոր որակ է ձեռք բերել, քանի որ վերջին տարիներին դրան մասնակցում են նաեւ սփյուռքի ներկայացուցիչները:

«2010 թ. նշվելու է Հայաստանում մեր մշակութային կենտրոնի գործունեության 20-ամյակը: Այդ առիթով մենք որոշել ենք գիրք հրատարակել, որում ներկայացված կլինեն բոլոր մրցանակակիրների աշխատանքները, այդ թվում նաեւ «Ադամանդե Արարատ» մրցանակով պարգեւատրվածների աշխատանքները: Նրանցից են` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Շառլ Ազնավուրը, բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ այլք», - ասաց Ռուբեն Միրզախանյանը:

Մրցույթին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները թե' Հայաստանից, թե' սփյուռքից: Հայտերը ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 15-ը: Հեղինակավոր հանձնաժողովը, որի կազմում են գրողներ եւ արվեստագետներ, կընտրեն հաղթողներին, որոնց էլ 2010 թ. հունվարին կհանձնեն մրցանակները:

Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թ. Կոստանդնուպոլսում: 1901 թ. Փարիզում հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մտորումներ»-ը: Թեքեյանի գրչին են պատկանում «Կեսգիշերից մինչեւ լուսաբաց», (1920), «Սեր» (1933), «Հայկական երգեր» (1943) եւ այլ հատընտիրներ: Թեքեյանը հայտնի է նաեւ որպես «Շիրակ» ամսագրի հիմնադիր (Կահիրե), 1915 թ.-ից հրատարակում է «Արեւ» թերթը, 1922 թ.-ից Կոստանդնուպոլսում` «Բարձրավանք» թերթը: Վահան Թեքեյանը մահացել է 1945թ.: