2 նոյեմբերի 2009 - 17:47 AMT
Արթուր Աբրահամ. «Եթե ես բռնցքամարտիկ չդառնայի, ապա կդասավանդեի համալսարանում»
Այսօր Վալերի Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում կայացավ ուսանողների, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ: Ողջունելով Աբրահամին` ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց, որ նա երկրորդ չեմպիոնն է, որին ընդունում են համալսարանում: «Դեռեւս 60-ական թվականներին մենք հպարտությամբ ընդունեցինք շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին, իսկ այսօր ուրախ ենք տեսնելու Արքա Արթուրին»,- նշել է նա:

Ուսանողները վաղուց էին սպասում Արթուրին եւ, վերջապես, նրանց երազանքն իրականություն դարձավ: Ինքը` բռնցքամարտիկը նույնպես խոստովանեց, որ հուզված է եւ անգամ փոքր-ինչ վախեցած: «Նախկինում ես երբեք չեմ հանդիպել այսքան շատ գեղեցիկ աղջիկների, եւ եթե ես բռնցքամարտիկ չդառնայի, ապա կդասավանդեի Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում, սակայն կասկածում եմ, որ դուք ինձ նույնքան կսիրեիք, որքան այժմ»,- ասել է Աբրահամը:

Հանդիպման ընթացքում Արթուր Աբրահամը պատրաստակամությամբ պատասխանեց ուսանողների հարցերին, որոնց միջոցով նրանք փորձում էին իրենց համար բացահայտել Աբրահամ-բռնցքամարտիկին եւ Աբրահամ-մարդուն: