2 նոյեմբերի 2009 - 19:11 AMT
ՀՀ նախագահը շահագրգիռ է զանազան ոլորտներում Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացման հարցում
Նյոեմբերի 2-ին Ճապոնիայի նորանշանակ դեսպան Մասահարու Կոնոն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացմամբ: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող աջակցության եւ զարգացման ծրագրերին սատարելու համար: «Այն դրամաշնորհները, տեխնիկական օժանդակությունը եւ արտոնյալ վարկերը, որ տրամադրում է Ճապոնիայի կառավարությունը, մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունեն: Ես առանձնապես կարեւորում եմ, եւ կարծում եմ, որ այն շատ հաջողված է, Երեւանի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ծրագիրը, ինչը Հայաստանի տնտեսությանը զարգանալու հնարավորություն կտա, նաեւ որոշ չափով կթուլացնի սոցիալական լարվածությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում դեռեւս բավականաչափ աշխատանք կա կատարելու: Սերժ Սարգսյանն այդ առումով կարեւորել է ՀՀ արտգործնախարարի այցելությունը Տոկիո` նշելով, որ այն հնարավորություն կտա շարունակելու քաղաքական երկխոսությունը եւ քննարկելու համագործակցության խորացման հնարավորությունները տարբեր բնագավառներում:Նախագահը վստահեցրել է նորանշանակ դեսպանին, որ իր գործունեության ընթացքում նա մշտապես կարող ակնկալել մեր պետական կառավարման մարմինների օժանդակությունը:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը պետք է լիարժեքորեն օգտագործել: Դեսպան Կոնոն ասել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Նշելով, որ այսօր Ճապոնիայի կառավարության կողմից Երեւանի կոնսերվատորիային հանձնվել են երաժշտական գործիքներ` դեսպանն ասել է. «Սա ի ցույց է դնում Ճապոնիայի հարգանքը հայկական երաժշտարվեստի ավանդույթների նկատմամբ»: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ: Դեսպանն ասել է, որ Ճապոնիայի կառավարությունն ամբողջովին աջակցում է այդ գործընթացին: