3 նոյեմբերի 2009 - 14:18 AMT
Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ՈԿԿ-ների վերջին հանդիպումը Մոսկվայում անհաջող էր
Նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ՈԿԿ-ների հերթական հանդիպումը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. պայմանների ստեղծում խաղաղության հաստատման համար` Ռուսաստանի դերը» խորագրով հերթական կլոր սեղանն է տեղի ունեցել «Իզվեստիա» թերթի խմբագրությունում:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել հանդիպման մասնակցած Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խնդիրն ու վստահության մթնոլորտի ստեղծման ուղիները: «ԼՂՀ-ից ներկա էր ԱԳ նախկին նախարար Մասիս Մաիլյանը, որը ներկայացրեց իր տեսակետը, ներկա էին ադրբեջանցի եւ հայ հասարակական գործիչներ եւ քաղաքագետներ: Կլոր սեղանին ներկա էր նաեւ Մոսկվայում ԼՂՀ ԱԳՆ խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանը: Հենց նրա ելույթը աղմուկ բարձրացրեց ադրբեջանցիների շրջանում Հեյդար Ջեմալի դրդմամբ, որն, ի դեպ, ինչպես եւ Վլադիմիր Կազիմիրովը, հրավիրված էր հանդիպման, սակայն քննարկումների մասնակից չէր: Երբ Զարգարյանը ներկայացավ որպես ԼՂՀ ԱԳՆ խորհրդական, Ջեմալը հայտարարեց, թե այստեղ հավաքվել են Ղարաբաղի ներկայացուցիչները: Պարոն Զարգարյանն ասաց` դե լավ, ես պատմական գիտությունների թեկնածու եմ, ելույթ ունեցավ եւ զբաղեցրեց իր տեղը: «Կլոր սեղանից» ոչ ոքի դուրս չեն բերել»,-ասել է Իսկանդարյանը` հավելելով, որ նույն կարգավիճակով կլոր սեղանին էր մասնակցում նաեւ Վլադիմիր Կազիմիրովը, որը ելույթ ունեցավ եւ զբաղեցրեց իր տեղը:
Ըստ ՌԴ Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի, հայերը ադրբեջանցիներից շատ ավելի լավ էին ներկայացված: «Տհաճ միջադեպ եղավ, կապված անջատողական Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցության հետ: Մենք վրդովվեցինք եւ պահանջեցինք, որ նա հանդես գա մասնավոր կարգով: Այն, ինչ նա ասում էր, քաղաքական հայտարարություն էր, ոչ թե մասնակցություն բանավեճին: Ուստի մեկ րոպեից նրան դուրս բերեցին սեղանի մոտից»,-ասել է Ջեմալը: