4 նոյեմբերի 2009 - 11:44 AMT
Յուլիա Ալեքսանովան «Օսեթիայի միսս Հայաստանն է»
«Ռուսաստան, Հայաստան, Օսեթիա, մենք ձեր երեխաներն ենք»,-նման կարգախոսով է առաջին անգամ Վլադիկավկազում տեղի ունեցել «Օսեթիայի միսս Հայաստան» մրցույթը: Նախագծի հեղինակն ու ղեկավարը Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ անչափահասների գծով ծառայության պետ Վարդանուշ Մուրադյանն էր: Մրցույթն անցել է հայկական «Էրեբունի» ազգային-մշակութային ընկերության հովանու ներքո, Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդի օրհնությամբ: Ըստ Մուրադյանի, միջոցառումն ուղղված էր օսերի եւ հայերի միջեւ ազգամիջյան կապերի ամրապնդմանն ու հանրապետությունում տաղանդավոր երիտասարդության բացահայտմանը:

Ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի կոչման համար կարող էր պայքարել Օսեթիայում բնակվող ցանկացած աղջիկ, որի ծնողներից գոնե մեկը ազգությամբ հայ է: Արդյունքում հայտ ներկայացրեցին 60 աղջիկներ, որոնցից 13-ը դուրս եկան եզրափակիչ, որն անցավ «Աստորիա պլազա» արտ-ակումբում:

Մասնակիցները մրցեցին 5 տարբեր մրցույթներում, որտեղ կարողացան ներկայացնել իրենց կարողությունները նաեւ ազգային հայկական եւ օսական պարարվեստում եւ խոհանոցում: Իսկ «Տաղանդների շքահանդես» մրցույթում մասնակիցները կարողացան իրենք ընտրել, թե ինչով կարող են զարմացնել հանդիսատեսին:

Արդյունքում մրցույթի ժյուրին, որի կազմում էին նախարարներ, ստեղծագործական եւ գիտական մտավորականության ներկայացուցիչներից, ընտրեց լավագույններից լավագույնին: Հաղթեց Յուլիա Ալեքսանովան, որը ստացավ Վենետիկում պատրաստված դիադեման եւ Սվարովսկու քարերով զարդարված հավաստագիրը` Հայաստան ուղեւորվելու համար, ինչպես նաեւ 100 հազար ռուբլու հավաստագիր «Մարգո» բուտիկից, հաղորդում է «15-րդ ռեգիոնը»: